Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«... Այդ ժամանակ Ես քեզ գրկած էի տանում»

«... Այդ ժամանակ Ես  քեզ գրկած էի տանում»
15.11.2016 | 08:03

Առօրյա կյանքում մեծ տեղ ունեն ժխտումներն ու ընդունումները: Որևէ նոր գաղափար մեր կյանքում նախ և առաջ ենթակա է այս երկուսի ազդեցությանը:
Որոշակի կողմնորոշում` և արդեն կայուն աշխարհայացքի տեր մարդն առաջնորդվելու իր ուրույն սկզբունքներն ունի, սկզբունքներ, որ կարող են ձևավորել մարդու ինքնությունը` սկսած ընտանիքից կամ աշակերտական նստարանից:


Կյանքի իմաստի պարզաբանման հարցը դարեր ի վեր եղել և մնում է մարդկությանը հուզող հիմնախնդիրներից մեկը: Հետ նայենք. որքա՜ն իմաստուններ են փորձել վերջնական գտնել ոչ միայն իրենց, այլև համայն մարդկության ծնունդ առնելու, ապա մահանալու հանելուկը:
Կրոնը, փիլիսոփայությունն ու գիտությունը երեք տարբեր ծայրերից սկսեցին վեր հանել այս հարցը: Կրոնի մեջ կյանքի իմաստը Աստծո հետ միավորվելու մեջ է, Երկնային արքայության ժառանգ դառնալը, մինչդեռ փիլիսոփայության մեջ հարցը լուծված կլիներ, եթե մարդն իմանար ճշմարտությունը` ըստ հարկի:


Մեզ շրջապատող նյութական աշխարհը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների: Գարնան բերած երփներանգ գույներով վերստեղծված բնությունը երկրագնդի դանդաղընթաց պտույտի պատճառով վերափոխվում է դեղինի, ապա մահանում սպիտակ շղարշի տակ: Ցանկացած հորինվածք ունի իր սկիզբն ու վերջը, և ինչպես բնության մեջ պտղի ծնունդը բողբոջի մահվան արդյունքն է, այնպես էլ մարդկային կյանքը նախ ծնունդ է, սկիզբ, ապա` մահ:


Մարդկային բովանդակ կյանքը սերտ առնչություն ունի բարու և չարի, կյանքի և մահվան, կարճ ասած` դրական կամ բացասական եզրերի հետ: Պատմությունը լավագույն ապացույցն է այս երկու բևեռների առկայության և իրար հանդեպ պայքարի` սկսած նախամարդու մեղանչմամբ և վերջացրած աշխարհի վախճանով:
Սակայն մի պահ կանգ առնենք և փորձենք հասկանալ. արդ, որտե՞ղ է կյանքի իմաստն ու նպատակը, ո՞րն է ցանկացած մեկի առաքելությունն այս կյանքում, և դեպի կյա՞նք, թե՞ մահվան ենք գնում: Սրանք հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները գտնելու համար շատ ու շատ մարդկային կյանքեր այդպես էլ չբավականացրին:


Եվ ահա, այն պահին, երբ հեթանոսական կրոնն աշխարհով մեկ սփռվել էր, վերերկրային ու վերերկնային ամենազոր ուժը` Ամենասուրբ Երրորդությունը, նախախնամեց մարդկային կյանքը` երկիր առաքելով մարդկության մեծագույն ՈՒսուցչին` Հիսուս Քրիստոսին: Ծնվեց Քրիստոս` վերափոխելով մարդկությանը և տալով վերը հիշատակված հարցերի սպառիչ պատասխանները: Հարությունն էր քրիստոնեության այն կիզակետը, որ հույս տվեց մարդուն հավիտենապես ապրելու: «Մարմնի գեղեցկությունը չէ կարևոր կյանքում,- քարոզում էր քրիստոնեությունը,- այլ նրա մեջ կենդանության ժամանակ եղած հոգու փրկությունը, քանի որ կյանքը սպասում է, իսկ մարդը` պանդուխտ»:


Հայտնի մի իմաստունի մոտ նշանավոր մեկը այցի է գալիս ու հանկարծ նկատում, որ իմաստունի տանը լոկ գրքեր են, չկան սպասքեղեն, տարրական հարմարանքներ:
Տարակուսած հարցնում է.
-Իսկ որտե՞ղ է քո սպասքը:
-Իսկ քո՞նն ուր է:
-Ես ճամփորդ եմ, ինձ պետք չէ:
Տիրոջ առաքյալն իր` Կորնթացիներին ուղղված առաջին նամակի մեջ ցույց է տալիս Աստծո` փրկվածների համար նախատեսված հանգրվանը` իր ողջ սիրով և հանգստությամբ. «Այն, ինչ-որ աչքը չտեսավ և ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա. Կորնթ. 2: 9): Առաքյալը, ինչպես տեսնում ենք, խոսում է հոգևոր մաքրագործման մասին, հոգևոր առողջության, երջանկության և սիրո: Բայց այս էլ, ոչ թե մարդկային կյանքի իմաստն է ամբողջապես, այլ դրա մի մասը: Հանդերձյալ և կատարյալ կյանքին հասնելն է մարդու հիմնական նպատակն այս աշխարհում. մի բան, որ մարդն ի սկզբանե ունեցել է. ապրել Երկնավոր Թագավորի փառաբանությամբ, սիրով:


Հեթանոս կրոնի համար նման ընկալումը խիստ անսովոր էր, քանի որ կյանքի զեխություններով ու հաճույքներով ապրելն արդեն հեռու էր բարությունից և սրբությունից: Չկար այստեղ զոհաբերություն, սեր, այն, որ հանուն իր արարածների Աստված անգամ իր Միածին Որդուն չի խնայում: Մենք ունենք Աստծո քարոզչությունը մեզանում, Նրա վառ օրինակը, Քրիստոսի անունով քրիստոնյաներ ենք կոչվում և ժառանգն ենք մեր պապերի փրկարար հավատի` մեր Մայր Եկեղեցու ծոցում:
Այս և մյուս կյանքերում խիստ մեծ զանազանություններ կան: Այսպես` աշխարհի մեջ վայելքները, հարստությունը և սին փառքը շատ շատերի համար պայմանավորում են իդեալական կյանքի իմաստը, մինչդեռ մեկ ուրիշի համար դրանք լոկ գայթակղություններ են, խոչընդոտում են հասնելու և միավորվելու Աստծուն: Մահը մեզ համար սկիզբ է, ինչպես բնության մեջ պտղի ծնունդը բողբոջի մահն է: Մահվան ներկայության ժամանակ միայն մարդիկ երբեմն պարզ հասկանում են, թե ողջ նյութականը, որ տրված է մարդուն, օրերից մեկ օր պիտի հետ վերցվի:


Աշխարհի մեծագույն նվաճողներից մեկը` Սալահեդինը, մահվանից առաջ կարգադրում է քաղաքով մեկ պտտեցնել իր պատանքը` ցույց տալու համար, թե մեռնողն այս աշխարհից միայն իր պատանքն է տանելու, անկախ նրանից` աշխարհացունց նվաճող էր, թե ստրուկ:
Մահվան ստվերի հետապնդումը մշտապես զգացող, մահվան մահճում պառկած Ալեքսանդր Մակեդոնացին հրամայում է իր զորավարներին պառկեցնել իրեն այնպես, որ մահվանից հետո երևան գան իր ձեռքերը` ի նշան այս աշխարհի տիրակալի` աշխարհից ձեռնունայն հեռանալուն:
Կյանքն ու մահը նման են շնչառությանը` շնչելուն և արտաշնչելուն, չենք կարող միայն մեկն անել: Մենք պետք է գիտակցենք մահվան անզորությունը Հարության նկատմամբ ու հավատանք Հարությանը, և ոչ թե տառապենք` տեսնելով մահը:


Մահացող մեկին հրեշտակներն ուղեկցում են Աստծու մոտ, ուր Տերը նրան ցույց է տալիս կյանքի անցած ճանապարհը ծովեզերքի ոտնահետքերի տեսքով: Ավազի վրա կողք կողքի անցած ոտնահետքերն էին` Աստծունը և մարդունը: Հանկարծ, հասնելով իր կյանքի ամենածանր ժամանակահատվածին, մարդը նկատում է, որ միայն մեկի ոտնահետքն է ու հուզված հարցնում է.
- Տե՛ր, նայի՛ր, իմ կյանքի ամենադժվար պահին դու ինձ մենակ ես թողել. ոտնահետքերից միայն իմն է այս հատվածում:
-Ո՛չ, այդ ժամանակ Ես քեզ գրկած էի տանում:
Երբևէ պետք չէ մտածել, որ Աստված մեզ հետ չէ: Կյանքում ամեն պարագայում պետք է գերիշխի հոգատարությունը և ոչ թե նախանձն ու չարությունը: Կյանքի իմաստը և երջանկությունը պետք է տեսնել Աստծո մեջ: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետը քարոզում է. «Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծո ներկայության զգացումը: Աստծուն մերձ լինելու, ամբողջապես Նրան պատկանելու զգացումն է կազմում մարդու երջանկությունը»:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ